Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Երևանից ավտոբուսներ են ուղարկել Կոռնիձոր

Ավտոբուսները 21։00–ին շարժվել են Երևանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Ավտոբուսներն այսօր՝ 21:00-ին, շարժվել են դեպի Կոռնիձոր»,–ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Արցախի բնակիչները շարունակում են ժամանել Գորիս. տեսանյութ և լուսանկարներ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։