ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Լեմկինի ինստիտուտը այսօրվա համաշխարհային առաջնորդներին երբեք թույլ չի տա մոռանալ Արցախում 4000-ամյա ժողովրդի և քաղաքակրթության ոչնչացման գործում իրենց մեղսակցությունը։ Այս հայտարարությունը հրապարակվել է ինստիտուտի` X սոցցանցի էջում։
«Ո՛չ ԱՄՆ–ում, ո՛չ ԵՄ–ում, ո՛չ ՆԱՏՕ–ում, ո՛չ ՄԱԿ–ում չկա «Ցեղասպանության կանխարգելում» եզրույթը՝ չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին ու ճառերին: Մենք հույս ունեինք, որ այս միակ դեպքում, ցեղասպանության կանխարգելման այս փոթորկի մեջ կգտնվի լուրջ իշխանություն ունեցող մի խիզախ ձայնը, որը ճիշտ կվարվի»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ինստիտուտից նշում են, որ աշխարհում այսօր իրական առաջնորդներ չկան, իսկ եղածները չեն վախենում, որ մի օր կդառնան այս սարսափի թիրախներից մեկը, և շեշտում` աշխարհի բոլոր մարդիկ պետք է միավորվեն և վերջ դնեն իշխանության ու ռեսուրսների այս անվերջ ծարավին, որն իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ:
«Հասարակ մարդիկ չեն շահում ցեղասպանությունից։ Աշխարհում ոչ մի մարդ չի շահի այս լուսանկարում պատկերված ծերունու կոտրված սրտից»,– նշված է հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտից կոչ են անում բոլորին միավորվել աշխարհի սխալ դրվածքը փոխելու համար` ընդգծելով, որ դա պետք է անել արագ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։