Կարևոր է ԼՂ հայերի իրավունքների պաշտպանությունը. Իրանի դեսպանը` Փաշինյանի հետ հանդիպմանը

Իրանի դեսպանն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետը ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպանին ասել է, տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմն ունի հստակ դիրքորոշում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Սոբհանին իր մտահոգություններն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կարևորել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն:
Վարչապետը շեշտել է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ առկա է վստահելի երկխոսություն, ինչը նպաստում է հայ-իրանական փոխգործակցության հետևողական խորացմանը:
Մեհդի Սոբհանին ընդգծել է ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` զարգացնելու Հայաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի:
Իրանը թույլ չի տա փակել Հայաստանն Իրանին կապող իր պատմական ճանապարհը. արտգործնախարար