ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Իվանյանում ներկա պահին բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Արդեն իսկ հանդիպման առաջին կադրերն են հայտնվել։ Ներկա են նաև ռուս խաղաղապահների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացրել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։
Հիշեցնենք, որ առաջին բանակցությունները կայացել են սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։ Նախորդ հանդիպման ավարտից հետո Դավիթ Մելքումյանը շեշտել էր, որ Բաքվի հետ վերջնական համաձայնության չեն հասել, իսկ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ ընդգծել էր պետք չէ ակնկալել, որ ամեն ինչ հնարավոր կլինի վերջնական լուծել ընդամենը 1 հանդիպումից հետո։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: