Իրավիճակը ծայրահեղ ծանր է ՀՀ–ի և հայ ժողովրդի համար. ԵՄ պատվիրակության ղեկավար

Հանդիպմանը զրուցակիցները շեշտել են Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Տարածաշրջանի համար շատ բարդ իրավիճակ է, սակայն այն ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը զրուցակիները դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը:
«Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ–ին` ԼՂ հայերին մարդասիրական օգնության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:
ՀՀ ԱԺ նախագահը նաև բարձր է գնահատել ԵՄ ղեկավարության հասցեական գնահատականները և կոչերն Ադրբեջանի նոր ագրեսիայի առնչությամբ՝ առանցքային համարելով Եվրոպական միության դերը տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Վասիլիս Մարագոսը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում իր հավատարմագրերը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հանձնել է 2023 թ. սեպտեմբերի 4–ին: