Իրավաչափ չէ. փաստաբանները` քաղաքացիներին մայթերից և այգիներից բերման ենթարկելու մասին

Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին
Հովհաննես Խուդոյանը նշել է, որ քաղաքացիները կարող են հանցագործության մասին հաղորդում տալ, իսկ Ռուբեն Մելիքյանն այդ քայլն այդքան էլ արդյունավետ չի համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Փաստաբաններն ու իրավապաշտպանները ոչ իրավաչափ են համարում քաղաքացիներին մայթերից և այգիներից բերման ենթարկելու գործողությունները ։
Նշենք, որ այսօր կարմիրբերետավորները մի շարք անձանց են բերման ենթարկել Երևանի Ալեք Մանուկյան փողոցին հարող այգիներից մեկից, ինչպես նաև Թումանյան փողոցի մայթերից։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտեց, որ ոստիկանության նմանատիպ գործողությունները նոր չեն, այդպիսի դեպքեր բազմիցս են եղել։
«Եթե կան տեսագրություններ, ապա հեշտ կարելի է ապացուցել, որ ոստիկանները ոչ իրավաչափ են գործում։ Հանցագործության մասին հաղորդում տալու կամ ոստիկաններին որևէ այլ պատասխանատվության ենթարկելու համար քայլեր նախաձեռնելու արդյունավետության մեջ վստահ չեմ։ Դա կնշանակի տևական պրոցես, պայմանական 1 ամսից կկանչեն հարցաքննության, 2 ամսից էլ առերեսման կհրավիրեն և այլն»,– նշեց Մելիքյանը։
Նրա խոսքով` մայթերից և այգիներից բերման ենթարկված քաղաքացիների կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելն իրավաբանորեն ճիշտ է, սակայն դրա ոչ արդյունավետության վերաբերյալ իր դիրքորոշումը նա այլ կերպ բացատրեց` հիշելով մի դեպք։ Շուրջ 1.4 տարի առաջ մի ոստիկան կոտրել է քաղաքացու ձեռքը, դրանից հետո անձը բացահայտվել է, առերեսումները եղել են, բայց վերջինիս նկատմամբ որևէ միջոց կիրառված չէ։ Իրավապաշտպանը հենց այս ամենից ելնելով ընդգծեց, որ կդժվարանա խորհուրդ տալ մայթերից և այգիներից բերման ենթարկված քաղաքացիներին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մասով։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ բոլոր քաղաքացիները, որոնք բերման են ենթարկվում մայթերից, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ։
«Բոլոր քաղաքացիները, որոնք բերման են ենթարկվում մայթերից ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին զեկուցագրերի հիման վրա, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ իրենց ազատությունը սահմանափակած ու կեղծ զեկուցագիր ներկայացրած ոստիկանների դեմ»,– նշել է Խուդոյանը։
ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ Հայաստանը պարալիզացվելու է։ Քաղաքացիները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում` փակելով փողոցները։ Կարմիրբերետավորները քաղաքացիներին բերման են ենթարկում` բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։ Բերման ենթարկվածների թվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Համաժողովրդական շարժումը համակարգելու համար ազգային կոմիտե է ձևավորել, որում ընդգրկված են Հայկ Մամիջանյանը (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյանը («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյանը («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։