Երևանում ոստիկանությունն արդեն 53 քաղաքացու է բերման ենթարկել

Ոստիկաններ. արխիվային լուսանկար
Կարմիրբերետավորները քաղաքացիներին բերման են ենթարկում` բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում ավելի քան 53 քաղաքացու է բերման ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 09։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 53 քաղաքացի»,– տեղեկացրին ոստիկանությունից։
Քաղաքացիները բաժիններ են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով։
ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ Հայաստանը պարալիզացվելու է։ Քաղաքացիները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում` փակելով փողոցները։ Կարմիրբերետավորները քաղաքացիներին բերման են ենթարկում` բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։ Բերման ենթարկվածների թվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Համաժողովրդական շարժումը համակարգելու համար ազգային կոմիտե է ձևավորել, որում ընդգրկված են Հայկ Մամիջանյանը (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյանը («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյանը («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։