Դուք ճանաչո՞ւմ եք մեկին, որն իրեն լավ է զգում. Բադասյանը` Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահը շեշտեց, որ կառավարությունը պատշաճ պայմաններ կապահովի Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանող բոլոր հայրենակիցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վստահ է` չկա մի մարդ, որն Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված այսօր իրեն լավ է զգում։ Նա այդ մասին ասաց ԱԺ–ում` պատասխանելով լրագրողի հարցին, թե որպես իշխանության ներկայացուցիչ արդյոք իրեն վատ չի զգում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
«Իսկ դուք ճանաչո՞ւմ եք մի մարդու, որ այսօր իրեն լավ է զգում կամ միջին կարգի է զգում»,– նշեց Բադասյանը։
Դիտարկմանը, որ այն ինչ կատարվում է այսօր, ՀՀ ներկայիս կառավարության վարած քաղաքականության հետևանքն է, Բադասյանն արձագանքեց. «Դուք հետևո՞ւմ եք, թե ով է որոշումներ կայացրել։ Եթե հետևում եք կառավարության համապատասխան անդամների հայտարարություններին, ապա ամեն ինչ կտեսնեք, բայց ես անուններ չեմ նշելու»։
ՊԵԿ նախագահը հավելեց` բոլոր այն հայրենակիցները, որոնք տեղափոխման ցանկություն կհայտնեն և կտեղափոխվեն ՀՀ, ապա կառավարությունը նրանց համար պատշաճ պայմաններ կապահովի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։