ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանները բերման են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։ Տեղեկությունը հայտնում է Ազգային կոմիտեն։
«Պատգամավորը բերման է ենթարկվել Էրեբունու ոստիկանական բաժին»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ Հայաստանը պարալիզացվելու է։
Քաղաքացիները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում` փակելով փողոցները։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Համաժողովրդական շարժումը համակարգելու համար ազգային կոմիտե է ձևավորել, որում ընդգրկված են Հայկ Մամիջանյանը (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյանը («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյանը («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։