ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»՝ map.socservice.am։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» նպատակն է ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելը ու դրանց հետագա կիրառումը պլանավորելը։
Այս հարթակում կազմակերպությունները հնարավորություն կունենան լրացնել իրենց ռեսուրսները, ինչից հետո հավաքագրված տվյալները հասանելի կլինեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Հավաքագրված ռեսուրսները վերջիններիս կողմից կհամակարգվեն և ըստ անհրաժեշտության կօգտագործվեն:
Ներկայում տեղահանված անձանց կարիքները գույքագրվում և բավարարվում են ՀՀ կառավարության կողմից` մարզպետարանների համակարգմամբ։
Հիշեցնենք` տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարկվել էր Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գիծը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից տեղահանված բնակիչների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։