ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 12:00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 4850 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։