Արցախցիները պետք է ապրեն իրենց պապենական հողում, այն տարածքում, որտեղ ապրել են իրենց նախնիները. Հայաստանի առաջին նախագահի ժամանակին արտահայտած այս միտքն այժմ կրկնում է Հայաստանի վարչապետը։ Ավաղ, նման հեռանկարն այսօր արդեն շատ դժվար, միգուցե նույնիսկ անհնար է պատկերացնել։ Ավելի ճիշտ, հնարավոր է, բայց միայն տեսականորեն։
Եկեք անկեղծ լինենք, հենց մեր գերազանցապես տեսական մոտեցումը տարբեր երևույթների և իրադարձությունների հանդեպ հանգեցրեց ներկա վիճակին։ Հիշենք՝ նախկին որևէ ղեկավարի օրոք մենք հսկայական տարածքային կորուստներ չենք ունեցել, բայց վերջին տարիներին մեզ համառորեն համոզում են, որ այսպես կոչված «նախկինների» վարած քաղաքականությունը տեսականորեն անխուսափելիորեն հանգեցնելու էր Արցախի հանձնմանը։ Տեսականորեն։ Գործնականում նման բան տեղի չէր ունենում 30 տարի շարունակ։
Տրամաբանության շարունակությունը սա էր՝ եթե հայկական կողմը սխալ հունով էր տանում բանակցությունները, ուրեմն անհրաժեշտ էր խաչ քաշել նախկինում կուտակված անպետք փորձի վրա և ամեն ինչ սկսել զրոյից։ Տեսականորեն արդյունքը պիտի որ դրական լիներ։ Տեսականորե՛ն։ Գործնական հետևանքը պատերազմն էր։ Իսկ դառը պարտությունից հետո եռակողմ հայտարարություն ընդունվեց, որը տեսականորեն պիտի ապահովեր քիչ թե շատ բնականոն կյանքը բզկտված Արցախում։ Տեսականորե՛ն։
Ու նաև։ Հայաստանում վերջնականապես հաղթեց այն մոտեցումը, որը տեսականորեն ամենաճիշտն է՝ Ստեփանակերտը պետք է անմիջականորեն բանակցի Բաքվի հետ։ Սա էլ է թվում միանգամայն տրամաբանական, քանզի դեռ տարիներ առաջ հայաստանցի ղեկավարներից մեկը արդարացիորեն փաստել էր՝ քննարկել Ղարաբաղյան կարգավորումն առանց ղարաբաղցիների, նույնն է, թե քննարկել Մերձավոր Արևելքի հակամարտությունն առանց պաղեստինցիների։ Այսինքն` տեսականորեն Հայաստանն արեց ամենաճիշտ բանը՝ բանակցային սեղանին իր տեղը զիջեց Արցախին։ Տեսականորե՛ն։ Թե ինչ եղավ գործնականում, գիտենք բոլորս։
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, քանզի արդեն հինգ տարի է, ինչ տեսական մոտեցումը գրեթե բոլոր բնագավառներում դարձել է Հայաստանի իշխանությունների գործունեության առանցքը, բայց գլխավոր հարցը սա է՝ ինչո՞ւ տեսականորեն ճիշտ քաղաքականության հետևանքով գործնականում կորցրինք Արցախը։ Պատասխանը կարելի է շատ հակիրճ ձևակերպել՝ որովհետև գործ ունենք Իլհամ Ալիևի հետ։
Համաձայն չե՞ք, որ եթե գործ ունենայինք ժողովրդավարական երկիր ղեկավարող դեմոկրատ առաջնորդի հետ, մեր տեսական սպասումները, մեծ հավանականությամբ, հաջողությամբ կիրականանային։
Դուք երևի արդեն չեք հիշում, որ տասնամյակներ առաջ, երբ հակաիշխանական հանրահավաքներում կրկնվում էր այն, ինչ այսօր տեսնում ենք Երևանի փողոցներում՝ ոստիկանները անհամաչափ բիրտ ուժ կիրառելով զանգվածաբար բռնում ու տանում էին ցուցարարներին, ընդդիմության ղեկավարներից մեկն արձանագրեց. «Ախր սա անհավասար մրցապայքար է, մենք շախմատ ենք խաղում, իսկ իշխանությունները՝ բոքս»։ Նույնը հիմա տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Այժմ արդեն զարմանալի կարող է թվալ, բայց այն ժամանակ, երբ այս մարդը՝ Իլհամ Ալիևը, փոխարինեց հորը, նույնիսկ Ադրբեջանում շատ շատերին էր թվում, որ եկել է թույլիկ մի ղեկավար, որին պալատական խարդավանքների հմուտ վարպետները մատների վրա կխաղացնեն ու շատ արագ դեն կնետեն։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Ալիևը ձերբակալեց մի քանի նախարարների՝ մեղադրելով նրանց պետական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ, հետո դաժանորեն ճնշեց ընդդիմության բողոքի ցույցերը 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, 2008 թվականին 90 տոկոսով անցկացրեց սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս նախագահ ընտրվել գործնականորեն մինչև կյանքի վերջը։ Ու դարձավ դասական բռնապետ։ Իսկ բռնապետին ի՞նչ է պետք հավերժ տիրելու համար։ Շատ ճիշտ եք՝ թշնամի։ Դա մենք ենք՝ հայերս։
Համաձայնե՛ք, շատ շահեկան թշնամի ենք։ Փոխանակ միանգամից գիտակցենք, թե ում հետ գործ ունենք և համապատասխան վարքագիծ որդեգրենք, փորձեցինք ապացուցել ողջ աշխարհին և ինքներս մեզ, որ տեսականորեն մենք լրիվ ճիշտ ենք։ Այսինքն`Արցախի սահմանների ողջ երկայնքով երկու, երեք խորը, տանկերի համար անանցանելի խրամատ փորելու և հիմնովին ականապատելու փոխարեն սկսեցինք ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել։ Հենց այս օրերին էլ Նյու Յորքում դրանով ենք զբաղված։ Ու երբ հիմա էլ մարդ տեսական դատողություններ է լսում, թե հայերը այնուամենայնիվ պետք է մնան իրենց տներում, ուղղակի զարմանում ես՝ ախր, այդ մարդիկ տեսականորեն չեն ապրելու, գործնականում պիտի ապրեն Ալիևի Ադրբեջանում։
Ի՞նչ եք կարծում, կատարվածից հետո ի վերջո կհրաժարվե՞նք մեր զուտ տեսական մոտեցումներից։ Չգիտեմ` դուք ինչպես, իսկ ես միշտ հիշում եմ հայտնի գրողներից մեկի խոսքը. «Որքան ավելի շատ են մարդիկ սխալներ գործում, այնքան ավելի է մեծանում այդ սխալները տարբեր տեսություններով բացատրելու ցանկությունը»։