Ապատեղեկատվություն է. ԿԳՄՍՆ–ն և «Էդիթ Պրինտը»` «ադրբեջանական դրոշով» դասագրքի մասին

Դասագրքեր. Արխիվային լուսանկար
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը չի հերքել, որ «Մայրենի 5» դասագիրքը տպագրվել է «կոմերցիոն նպատակով», սակայն կազմի գունաշարը ոչ մի առնչություն չունի որևէ երկրի դրոշի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Համացանցում շրջանառվող լուրերը, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են և աղերս չունեն իրականության հետ։ Նման հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում օգտատերերը տարածում են «Մայրենի 5»-ի երկու դասագիրք, որոնցից մեկի վրա պատկերված է հայկական դրոշ, մյուսի վրա նույն տեղում ադրբեջանական դրոշի գույներն են։ Օգտատերերը վրդովվել են և սկսել բացատրություն պահանջել նախարարությունից։
ԿԳՄՍՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը (1-ին մաս, 2-րդ մաս, հեղինակներ՝ Դավիթ Գյուրջինյան, Թամարա Ալեքսանյան, Աշոտ Գալստյան, «Էդիթ Պրինտ» հրատարակություն) առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և մինչև 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է:
«Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում` dshh.am, հրապարակված են դպրոցներում օգտագործված դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որտեղ նշված դասագրքի կազմը երաշխավորվել է հայկական եռագույնի պատկերով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբևէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ :
Նախարարությունից հորդորում են չտրվել անհարկի մանիպուլյացիաներին և որևէ տեղեկատվություն տարածելուց առաջ դրա իսկությունը ստուգել պաշտոնական հարթակներում:
Համացանցում բարձրացված աղմուկին արձագանքել է նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, սակայն ի տարբերություն ԿԳՄՍՆ–ի, հրատարակչությունը չի հերքել, որ նշված դասագիրքը տպագրվել է և տպագրվել է «կոմերցիոն նպատակով»։
«Համացանցում տարածված «Մայրենի - 5» դասագիրքը որևէ առնչություն չունի նոր հաստատված դասագրքերի հետ։ «Մայրենի» առարկան տվյալ գրքով հանրակրթական դպրոցներում դասավանդվել է 2006 թվականից, իսկ շրջանառվող կազմով տարբերակը տպագրվել է սահմանափակ քանակով․ կոմերցիոն նպատակով վերատպվել է 2019 թվականին, երբ, առաջնորդվելով աշակերտների հարմարավետության սկզբունքով, դասագրքերը կիսվել են 2 մասի: Ավելին՝ տվյալ դասագիրքը այս տարի արդեն դուրս է եկել շրջանառությունից»,–նշված է պարզաբանման մեջ։
Ընդգծվում է, որ կազմի գունաշարը ոչ մի առնչություն չունի որևէ երկրի դրոշի հետ, և նմանեցման միտում երբևէ չի դրվել ու չէր էլ կարող դրվել այդպիսի պարզունակ ճանապարհով:
Դասագրքային իրարանցում․ ինչո՞ւ ԿԳՄՍՆ–ն չհասցրեց ապահովել նոր չափորոշիչներով դասագրքերը