Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ընտանիքներ կտեղափոխվեն Հայաստան

Արցախի կառավարությունն առաջիկայում հայտարարություն կանի նաև մյուս բնակիչների տեղափոխման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արցախցի այն ընտանիքները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով անօթևան են մնացել և հանրապետությունից դուրս գալու ցանկություն ունեն, կտեղափոխվեն ՀՀ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ ընտանիքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կիրականացվի ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ:
«Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։