ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային հանրությունը պետք է Լեռնային Ղարաբաղում տեղակայի ՄԱԿ-ի առաքելություն՝ մշտադիտարկում իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախում
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքովխախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքովառնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանականԵվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչներիհանդիպումը։
Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել կազմակերպությանը «ցուցադրել իր հեղինակությունը» և ձեռնարկել հետևյալ միջոցները՝ դատապարտել ռազմական գործողությունների վերսկսումը և հարվածները քաղաքացիական բնակավայրերին ու ենթակառուցվածքներին, պահանջել միջազգային մարդասիրական իրավունքի գծով պարտավորությունների լիարժեք կատարում, անհապաղ Լեռնային Ղարաբաղ ուղարկել ՄԱԿ-ի առաքելություն:
«Միջազգային հանրությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության անհապաղ տեղակայման համար՝ Մարդու իրավունքների վիճակի, հումանիտար իրավիճակի և տեղում անվտանգության իրավիճակի մոնիթորինգ և գնահատում իրականացնելու նպատակով։ ՄԱԿ-ի հաստատությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ հրամայական է»,- ասել է Միրզոյանը։
Նա նաև նշել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ բոլոր կողմերի լիարժեք ու բարեխիղճ համագործակցության անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքների խնդիրը լուծելու համար, այդ թվում՝ զոհվածների մարմինների հայտնաբերման և ընտանիքներին փոխանցման, ռազմական բանտարկյալների և քաղաքացիական անձանց ազատ արձակման, մարդասիրական օգնության անարգել առաքման խնդիրները:
«Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման իր պարտավորությունը` համաձայն Միջազգային դատարանի որոշման։ Համոզված ենք, որ պետք է գործի դրվեն համապատասխան մեխանիզմներ վերջին մարտական գործողությունների ընթացքում իրենց տարածքներից վտարված, ժամանակավոր տեղահանված անձանց վերադարձի համար: Դա պետք է արվի ՄԱԿ-ի համապատասխան հաստատությունների կողմից մոնիտորինգի և վերահսկողության սկզբունքների համաձայն»,- հայտարարել էՀՀ ԱԳ նախարարը։
Նա նաև նշել է, որ կայուն, կենսունակ միջազգային մեխանիզմները կարող էին կանխել Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումները:
«Կարելի է ապահովել երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և պաշտոնական Բաքվի միջև։ Բացի այդ, անհրաժեշտ է երաշխավորել, որ չեն ձեռնարկվի այնպիսի գործողություններ, որոնք կարող են դիտարկվել որպես պատիժ Ադրբեջանի գործող իշխանությունների կողմից»,- հայտարարել է Միրզոյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է պահանջի ադրբեջանցի զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերից, որպեսզի խուսափի սադրանքներից և բռնության սրումից, որից կտուժի քաղաքացիական բնակչությունը:
«ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը պետք է գործի դրվեն Լեռնային Ղարաբաղի կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- ընդգծել է ԱԳ նախարարը:
Միրզոյանի կարծիքով` այն բանից հետո, երբ ՄԱԿ-ն ի վիճակի չեղավ կանխել Ռուանդայի ցեղասպանությունը, կազմակերպությունը ստեղծեց կանխարգելման մեխանիզմ, որպեսզի նման հանցագործություններ երբեք էլ չլինեն:
«Մինչդեռ այսօր մենք շատ մոտ ենք կազմակերպության մեկ այլ ձախողմանը... հայտարարությունը, թե իբր ՄԱԿ-ը ներկա չէ տեղում և չի կարող ստուգել, թե ինչ է կատարվում այնտեղ, ընդամենը արդարացում է: ՄԱԿ-ը համընդհանուր կազմակերպություն է, որը պետք է կանգնած լինի ամբողջ աշխարհում զանգվածային զոհերի կողքին անկախ տարածքի կարգավիճակից։ Պետք չէ նման անպատասխանատու հայտարարություններ անել»,- ընդգծել է Միրզոյանը։
Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը մասնավորապես ՄԱԿ-ը, ակտիվ քաղաքական կամք կցուցաբերի` դատապարտելու ռազմական գործողությունների վերսկսումը, որոնց ընթացքում տուժում են քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքներ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթն անցկացվում է Նյու Յորքում սեպտեմբերի 19-26-ը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։