Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԼՂ-ից Հայաստան է արդեն մուտք գործել 1050 անձ

Արցախից տեղահանվածները Գորիսում
Տեղահանվածներից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ 770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է): Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։
Նշենք, որ այսօր Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են և արդեն Կոռնիձորում են։Հայաստանում Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս պահին Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։