ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ի կատարումը ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների Ղարաբաղի զինված ուժերը շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 24-ի դրությամբ առաքվել է վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 1200 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք, մոտ 130 հազար զինամթերք»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ խաղաղապահներն ապահովել են հումանիտար բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ընդհանուր առմամբ առաքվել է 125 տոննա սննդամթերք և 65 տոննա վառելիք։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ենթակայության տակ շարունակում են մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում` 402 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բուժօգնությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։