ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Այս մասին Yerkir.am–ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
«Ավելին`զինադադարի գին հանդիսացող` Արցախի Հանրապետության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը»,– լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Իշխանյանը:
Նա ցավ է հայտնել, որ ՀՀ-ում իրենց խորհրդարանական գործընկերները, հավանաբար տեղյակ չլինելով այս մանրամասնություններին, փորձում են իրենց տեղեկացվածության պակասի հետևանքով մեղավորներ որոնել կամ մեղքը բարդել այլ պատասխանատու անձանց վրա:
«Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս մեզ ավելի մանրամասնություններ ներկայացնել»,– հավելել է Իշխանյանը:
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց, թե սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից, և Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: Նա նշել էր, թե ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում` կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին։
Բաղդասարյանը հավելել էր, որ փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ձևաչափի մասին ևս Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել: Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել և համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետ և/կամ միջոցով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։