ՀՀ կառավարությունը խոստանում է պատշաճ ձևով հոգալ արցախցիների առաջնային կարիքները

Տարհանված արցախցիները. Արխիվային լուսանկար
Տեղահանվածների կեցության կազմակերպումը Հայաստանում չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արցախից տեղահանված բնակիչների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությանը կից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը։
«Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աշխատանքներում ներգրավված են համապատասխան գործառույթ ունեցող բոլոր պետական կառավարման մարմինները։
ՀՀ կառավարությունը խոստանում է, որ պատշաճ ձևով հոգալու է մեր հայրենակիցների առաջնային կարիքները։
Շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կեցության կազմակերպումը Հայաստանում չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են և արդեն Կոռնիձորում են։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս պահին Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։