Գործարկվել է առաջնային կարիքի հաշվառման հարթակ Արցախից տեղահանվածներին օգնելու համար

Արցախից տեղահանվածները
Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գիծը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (մարզպետարան, ՏԻՄ, միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։
Ցանկության դեպքում քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։
Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում ենք հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից տեղահանված բնակիչների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Արցախի Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են և արդեն Կոռնիձորում են։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս պահին Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։