Ֆրանսիան այժմ շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ. Մակրոն

Էմանուել Մակրոնը ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և սպառնում է Հայաստանի սահմաններին։ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան կաջակցի հայ ժողովրդին՝ միջազգային իրավունքին համապատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան այժմ շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում։ Այս մասին ֆրանսիական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հարցազրուցավարներից մեկը հարցրել է, որ հայկական ծագում ունեցող ֆրանսիացիներին շատերին մտահոգում է այն հարցը, թե ինչու է Ֆրանսիան միայն խոսքով սատարում հայերին։
«Աջակցությունն ի սկզբանե եղել է անվերապահ, և իրենք (հայերը - խմբ.) գիտեն այդ մասին»,–ասել է Մակրոնը։
Վերջին օրերին, նրա խոսքով, Ադրբեջանը «անընդունելի հանցագործություններ և ռազմական գործողություններ է կատարել Լեռնային Ղարաբաղում»։
Առաջին հերթին, նրա խոսքով, Ֆրանսիան կշարունակի Ղարաբաղին մարդասիրական օգնության նախաձեռնությունները՝ սննդի և այլ կարիքների ապահովման տեսքով։ Քաղաքական մակարդակում Ֆրանսիան կշարունակի աջակցությունը, որ կայուն խաղաղության համաձայնագիրը, որը հնարավոր է ձեռք բերել միայն բանակցությունների միջոցով, հաշվի առնի և հարգի ազգային փոքրամասնությունների իրավունքները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում։
«Եվ երրորդ. Ֆրանսիան այժմ շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, քանի որ հենց դա է վտանգված»,- ասել է Մակրոնը։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի այս գործողություններին և այժմ սպառնում է Հայաստանի սահմաններին։
«Այժմ սրանք են ռիսկերը։ Ֆրանսիան կաջակցի հայ ժողովրդին՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։