ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Երևանում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ–ից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ, նրանցից 39-ի նկատմամբ` զանգվածային անկարգություններին մասնակցության, 4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, 2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, մյուսներին` տարաբնույթ այլ առերևույթ հանցագործություններ կատարելու համար։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություններ են ներկայացվել` քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 24-ի ժամը 16:00-ի դրությամբ միջնորդությունները դատարանների կողմից ամբողջությամբ բավարարվելու արդյունքում արդեն իսկ կալանավորվել է 26 անձ»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մի քանի միջնորդություններ դեռևս քննարկման փուլում են։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։