Բոլոր առումներով շատ վտանգավոր ելույթ էր․ քաղաքագետը` Փաշինյանի մեսիջների մասին

Քաղաքագետի համոզմամբ՝ այսօրվա իր ելույթում ՀՀ վարչապետն արհեստական մի քարոզչական թեզ է առաջ գցում, որպեսզի իր անձի նկատմամբ ցանկացած քննադատություն կամ քննադատողի համարի «գուբերնիստ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթն ընդհանրապես կապ չուներ ո՛չ ՀՀ անկախության, ո՛չ էլ նրա գաղափարի ու օրակարգի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմել է հայ ժողովրդին՝ ասելով, որ ինքը ՀՀ վարչապետն է, հետևաբար առաջնորդում է անկախության պաշտպանության շարժումը։
«Հատուկ արհեստական մի քարոզչական թեզ է նա առաջ գցում, որպեսզի իր անձի նկատմամբ ցանկացած քննադատություն կամ քննադատողի համարի գուբերնիստ։ Դա հատուկ է արվում՝ հասարակությանը մոլորության մեջ գցելու համար։ Մի անգամ Փաշինյանը հայ ժողովրդին այդ ծուղակը գցել է հինգ տարի առաջ, երբ հայտարարեց, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա։ Հիմա էլ մոտավորապես այս նարատիվն է առաջ մղում՝ կա՛մ ես կմնամ վարչապետ, կա՛մ ՀՀ չի լինի»,- նկատեց Սուրենյանցը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այսօրվա նրա ուղերձը բոլոր առումներով շատ վտանգավոր ելույթ էր։
Փաշինյանն, ըստ Սուրենյանցի, ոչինչ չասաց այն մասին, թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած մեր երկիրը, և թե ինչու նրա դիվանագիտությունը մեզ հասցրեց այս ողբերգական հանգրվանին։
«Եթե կարճ ձևակերպեմ, ապա Փաշինյանի ելույթը քաղաքացիական բախումների անոնսի մասին էր, նաև այն մասին էր, որ ՀՀ-ն երկու թշնամու փոխարեն արդեն երեք թշնամի ունի։ Փաշինյանն այսպիսով ձեռնոց է նետում Ռուսաստանին՝ առանց երաշխիք ունենալու արևմտյան որևէ երկրի ղեկավարից, առանց քաղաքական ու ռազմավարական հաշվարկի։ Հայաստանը կանգնած է շատ վտանգավոր հանգրվանի առաջ։ Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը մնալու է Փաշինյանի և նրա թիմի վրա»,- հայտարարեց քաղաքագետը։
Դաշնակիցները, որոնց վրա հույս ենք դրել, ուզում են ցույց տալ մեր խոցելիությունը. Փաշինյան
Ըստ նրա՝ անվտանգության առումով պետք էր համագործակցել բոլոր գործընկերների հետ, և դա կարելի էր անել առանց ՌԴ-ի հետ հակադրության մեջ մտնելու, նաև արտաքին քաղաքականության, անվտանգության համակարգը դիվերսիֆիկացնելու միջոցով, ինչպես որ արել են ՀՀ նախկին երեք նախագահները։
Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ ՀՀ նախկին բոլոր նախագահները կարողացել են վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն, ամեն ինչ անել, որպեսզի դաշնակիցների թիվը շատ լինի և հնարավորինս սահմանափակվի թշնամիների թիվը։
«Հիմա մենք տեսնում ենք միանգամայն հակառակ գործընթաց՝ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ է և ունենք զրո դաշնակից Արևմուտքում։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՄԱԿ-ում ՀՀ դիրքերը թուլանան։ Նա, ըստ էության, հարվածի տակ դրեց իր ԱԳ նախարարի խոսքն ու հեղինակությունը, երբ նրա ելույթից ընդամենը երկու ժամ առաջ ասաց, որ Արցախի ժողովրդին անմիջական սպառնալիք չկա, որին հաջորդեց Բայրամովի խոսքը՝ հենց Փաշինյանի թեզով հակադարձելով Միրզոյանին»,- նկատեց Սուրենյանցը։
Թե ինչու Փաշինյանն այդպիսով փրկեց Ադրբեջանի դեմքը ՄԱԿ-ում, ըստ քաղաքագետի՝ միայն իրեն` Փաշինյանին է հայտնի։
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ
Արցախի հայերին փրկելու համար պետք է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայում. հայտարարություն