Արցախի Սառնաղբյուր գյուղում 5 խաղաղ բնակիչ է զոհվել, 3-ը երեխաներ են

Սառնաղբյուրը. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական հարձակման ժամանակ գյուղից 5 բնակիչ գերեվարվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում մինչ ադրբեջանական հարձակումը բնակվում էր 76 մարդ: Նրանցից 5–ը զոհվել են, 15–ը` վիրավորվել, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը X–ի իր էջում հրապարակել է զոհերի անունները. նրանցից 3-ը երեխաներ են` Նվեր Ղազարյան, Միքայել Ղազարյան և Դավիթ Ալեքսանյան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։