ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինային արևմտյան օգնության դադարեցումը պարտություն կբերի այդ երկրին և մեկ–երկու տարի անց կարող է ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև անմիջական հակամարտության անցանկալի իրավիճակ ծնել։ Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Մարկ Քելլին։
«Եթե աջակցությունը չլինի, նրանք կպարտվեն, իսկ Պուտինը կհաղթի։ Եթե մենք չկարողանանք հիմա գլուխ հանել, շանսեր կան, որ այսօրվանից սկսած մեկ–երկու տարի անց մենք կհայտնվենք մի իրավիճակում, որտեղ հնարավոր է ռուսների հետ մեր անմիջական բախումը։ Մենք դա չենք ուզում», – CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Քելլին։
Սպիտակ տունը, Ուկրաինայի վրա ծախսելով ավելի քան 110 մլրդ դոլար, կոնգրեսից լրացուցիչ 24 մլրդ է խնդրել տարվա վերջին եռամսյակի համար։ Եթե սենատը գրեթե չի առարկում, ապա ներկայացուցիչների պալատում, որը ընդդիմադիր հանրապետականների ենթակայության ներքո է, առավել լսելի են «բաց չեկերի» քաղաքականության դեմ ուղղված ձայները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով զինելը չի նպաստում ռուս–ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն անմիջական մասնակցություն ունեն Ուկրաինայի հակամարտությանը, այդ թվում ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև կադրերի պատրաստմամբ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Կիևին ռազմական օգնության մատակարարման հարցում ամենամեծ ներդրումն անում են ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան, Լեհաստանն ու Ռումինիան։