ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը միջանցք է տրամադրում զինաթափված հայ զինծառայողներին Արցախից դուրս բերելու համար։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը` վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ ելքը կապահովվի Ստեփանակերտ–Լաչին և Քարվաճառ–Վարդենիս ուղղություններով։ Զինծառայողները դուրս կգան ավտոբուսներով և անձնական տրանսպորտով։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ արցախցի այն ընտանիքները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով անօթևան են մնացել և հանրապետությունից դուրս գալու ցանկություն ունեն, կտեղափոխվեն ՀՀ։
Ընտանիքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կիրականացվի ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։