ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունները հատուկ կառավարական խումբ են ստեղծել Լեռնային Ղարաբաղի հետ կապված համակողմանի հարցերի լուծման համար: Այդ մասին Politico պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական - նախագահական վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հաջիևի խոսքով՝ մարդասիրական օգնության հասանելիության երաշխավորումը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի կառավարության բարի մտադրությունների և լրջության մասին՝ բավարարելու Հայաստանի բնակիչների կարիքները, ինչպես նաև ապահովելու անվտանգ և արժանապատիվ վերաինտեգրման գործընթաց:
«Ղարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին։ Բայց հիմա դա անցյալում է: Այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շանսերը շատ ավելի մեծ են», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։