Վրաստանի վարչապետն առաջարկ է ներկայացրել Բաքվին ու Երևանին

Իրակլի Ղարիբաշվիլի
Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանի առաջարկը կարող է կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի իշխանությունը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է ներգրավվել «Խաղաղ հարևանության նախաձեռնության» մեջ։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում։
Նշենք, որ Ղարիբաշվիլին «Խաղաղ հարևանության նախաձեռնությամբ» հանդես եկավ 2021 թվականի վերջին։ Նա հարևաններին առաջարկեց կողմերի միջև ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային հարթակ ստեղծել։ 2022 թվականի հուլիսին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին երկկողմ հանդիպումը։
«Մենք պատրաստ ենք մեր հարևան ու բարեկամ Հայաստանին և Ադրբեջանին ներգրավել այս գործընթացում, որպեսզի Հարավային Կովկասում վերջապես կայուն խաղաղություն հաստատվի», – ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։