Վաշինգտոնն ու Բրյուսելը ապակայունացում են բերում Հարավային Կովկաս․ Լավրով

Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրովը նշել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն ամեն կերպ կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկաս՝ փորձելով իրենց միջնորդական ջանքերը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում այս հայտարարությունն է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, դրա հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը»,– ասել է նա:
Լավրովը շեշտել է` ՌԴ խաղաղապահ զորակազմն ամեն կերպ կնպաստի դրան։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 25–ին Մոսկվայում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։