ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած` համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակումների զգալի աճ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։
«Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը»,– ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ–ն հորդորում է զգոնություն ցուցաբերել, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոն։