ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տարածաշրջանային խնդիրներ են քննարկել՝ շեշտադրելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Բանակցությունները կայացել են սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային առանցքային թեմաների շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հրատապ խնդիրներին», - ասված է հաղորդագրությունում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել և հաստատել, որ Մոսկվան ու Թեհրանը պատրաստ են զարգացնել քաղաքական երկխոսությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը։
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: