Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներն օգնում են վստահության ամրապնդմանը, որպեսզի ԼՂ–ում ապրող հայերն իրենց ապահով զգան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ։
Թե որքան ժամանակ և քանի խաղաղապահ կպահանջվի իրավիճակը կայունացնելու համար, ըստ Լավրովի, պարզ կլինի տեղում։
Նա նշել է, որ այժմ խաղաղապահներն օգնում են ԼՂ ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների շփումներին, և այդ համատեքստում սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացած հանդիպումը։ Իսկ Ստեփանակերտի ու Բաքվի միջև հաջորդ հանդիպումը, ըստ նախարարի, պետք է տեղի ունենա այսօր:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։