Փաշինյանը ԼՂ հայության իրավունքների պաշտպանության հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Նիկոլ Փաշինյան
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Տեղեկությունը հայտնում է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Զրուցակիցները քննարկել են ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։