ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն աշխատում է այն երկրների հետ, որոնք ազգային շահերը չեն դավաճանում միայն այն պատճառով, որ նրանց «բերանը փակում են» Վաշինգտոնից։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ամոթալի է, որ մեծ երկիր համարվող ԱՄՆ-ն վազվզում ու բոլորին սպառնում է միայն այն բանի համար, որ բավարարի աշխարհում գերիշխելու իր ցանկությունը:
Պատասխանելով հարցին, թե ինչ իմաստ է տեսնում Գլխավոր ասամբլեայում իր աշխատանքի մեջ` Լավրովն ասել է. «Ես այստեղ աշխատում եմ, քանի որ այստեղ անելիք կա։ Անկեղծորեն կասեմ ձեզ, ես չեմ ձանձրացել: Երեկ սկսեցի աշխատել առավոտյան 8-ին, իսկ ավարտեցինք երեկոյան 8-ին»։
Նա պարզաբանել է, որ ռուսական պատվիրակությունն ավելի քան 30 հանդիպում է անցկացրել, այդ թվում՝ նոր և հեռանկարային նախագծեր քննարկելով։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթն անցկացվում է Նյու Յորքում սեպտեմբերի 19-26-ը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։