ԿԸՀ–ն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել

ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները կամփոփի վաղը` սեպտեմբերի 24-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել։ Տեղեկությունը հրապարակվել է ԿԸՀ կայքում։
Դիմումների ներկայացման ժամկետ էր սահմանվել մինչև սեպտեմբերի 22-ը՝ ժամը 18:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփելու է սեպտեմբերի 24-ին` ժամը 15։00-ին։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։
Սեպտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն ավելացել են 31 քվեաթերթիկով, «Ազգային առաջընթաց» կուսակցության ձայները` 32–ով, իսկ «Մայր Հայաստան» դաշինքինը` 67–ով։
Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանը միանգամից երկու ապտակ ստացավ. Սուրենյանց