Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել ԼՂ–ում. ադրբեջանական կողմը վիրավոր ունի

ՌԴ խաղաղապահ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում։ . Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող։Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխանցումը ՌԴ խաղաղապահներին։
Սեպտեմբերի 23-ի դրությամբ հանձնվել է 6 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և շարժական զենիթահրթիռային համալիրներ, շուրջ 22 հազար զինամթերք:
Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում շարունակում է մնալ 810 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 436 երեխա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։