ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փակ դռների հետևում քննարկել են Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆրիկայում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին:
Նշվում է, որ մոտ կես ժամ տևած քննարկումների առանցքում են եղել նաև միգրացիոն ճգնաժամը և էկոլոգիան։ Հռոմի պապն ու Մակրոնը անդրադարձել են բժշկական միջամտությամբ կյանքից հեռանալու հարցերին, և Ֆրանսիայի նախագահը ներկայացրել է էվթանազիայի մասին օրինագծի մեթոդաբանությունը:
Նախագահի շրջապատից նշել են` թեև Հռոմի պապը եվրոպացի քաղաքական գործիչներին դատապարտել է միգրանտների խնդիրների նկատմամբ անտարբերություն դրսևորելու համար, բայց Փարիզն այդ հարցում ամաչելու բան չունի. Ֆրանսիան հյուրընկալության և ինտեգրման երկիր է:
Ինչ վերաբերում է էվթանազիայի մասին օրինագծին, ապա, ըստ գործակալության, Մակրոնը զրույցի ընթացքում չի մանրամասնել դրա բովանդակությունը:
Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Հռոմի պապի երկօրյա այցը Մարսել, որի ընթացքում նա մասնակցել է «Միջերկրածովյան հանդիպումներ» կաթոլիկ նախաձեռնությանը և հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սեպտեմբերի 23-ին նա պատարագ կմատուցի «Օրանժ Վելոդրոմ» մարզադաշտում։