ՀՀ ԶՈւ–ն անվադողերի կարիք չունի. ՊՆ–ն հորդորում է զերծ մնալ հավաքագրումներից

Զինծառայող
ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է զինված ուժերին աջակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների պատրաստակամությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ ռազմական ոստիկանությունը։
Նշվում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավել դեպքեր:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա»,– ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար օգնություն հավաքագրելու կարիք չկա։ Նախարարությունը ոլորտային հասարակական կազմակերպություններին կոչ էր արել որևէ նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել գերատեսչության հետ։