ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ ուղեկցվող ադրբեջանական հարձակումը, ինչպես նաև նախորդ 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը հստակորեն վկայում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներն ավարտին հասցնելու հստակ մտադրությունը:
Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ասել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ հանդիպման ժամանակ:
«Այս համատեքստում կարևորվել է ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների արդյունավետ աշխատանքը` ուղղված ԼՂ-ում զանգվածային ոճրագործությունների կանխմանը»,–ասվում է ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։