Հարգանքի տուրք ԼՂ-ում զոհված խաղաղապահներին. մարդիկ ծաղիկներ են դնում ՌԴ դեսպանատան մոտ

Ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով զոհված 6 խաղաղապահների մարմինները երեկ տեղափոխվել են Երևան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհում Երևանում ՌԴ դեսպանատան մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների հիշատակին:
«Բարության ուղի» կազմակերպության անունից ծաղիկներ էր բերել հայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկու եղբայրը՝ Ալեքսանդր Բերեզովսկին:
«Սա հարգանքի նշան է», - ասաց նա:
Ալեքսանդր Բերեզովսկի
Հասարակական շարժումներից մեկի ներկայացուցիչ Ալլա Հակոբյանը ցավակցություն հայտնեց զոհված խաղաղապահների բոլոր հարազատներին ու մտերիմներին և ռուսական խաղաղապահ զորակազմին շնորհակալության հայտնեց այս դժվարին ժամանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու համար: Նա նշեց, որ այժմ Ղարաբաղում հազարավոր հայեր սպասում են խաղաղապահների օգնությանը։
«Սա ամենաքիչն է, որ կարող եմ անել։ Չէ՞ որ հենց խաղաղապահներն են Ստեփանակերտի օդանավակայանում իրենց սնունդը կիսում իմ հայրենակիցների հետ», - նշեց Հակոբյանը:
Ալլա Հակոբյան
Զոհվածների մարմինները երեկ տեղափոխվել են Երևան։ Հինգ խաղաղապահները, որոնցից երկուսը փոխհրամանատարներ էին, զոհվել են դիտակետից վերադառնալիս (ադրբեջանական կողմը կրակել է նրանց տեղափոխող ՈւԱԶ–ի ուղղությամբ), մեկ զինվորական էլ զոհվել է «Կամազ» մակնիշի ավտոմեքենային հասցված կրակոցների հետևանքով։ Եվս երկու խաղաղապահ վիրավորվել են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին և ներողություն խնդրել զինծառայողների մահվան համար: Նա հավաստիացրել է, որ առավել մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի, բոլոր մեղավորները կպատժվեն։ Ռուսական կողմը հայտարարել է, որ սպասում է հետաքննության արդյունքներին: