Գորիսում պատրաստվում են ընդունել Արցախի բնակիչներին. տեսանյութ

RT-ի թղթակցի խոսքով` մարդկանց գրանցումներով զբաղվելու են Կարմիր խաչի կամավորները։
Sputnik
ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում, Լեռնային Ղարաբաղի փախստականների գրանցման կենտրոն է կահավորվում։ Տեղեկությունը հայտնում է RT-ի թղթակիցը։
«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից դուրս գալը վերջին օրերի ամենասուր թեմաներից մեկն է դարձել։ Մարդկանց սնունդը սպառվում է, էլեկտրականություն չկա, պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե հնարավոր կլինի դուրս գալ կամ մնալ», - ասում է թղթակիցը:
Նրա խոսքով՝ Գորիսում պատրաստ են ընդունել փախստականներին, շենքում արդեն համակարգիչներ են տեղադրված։
«Տասը րոպե առաջ ես տեսա` ինչպես են հրահանգավորվում Կարմիր խաչի կամավորները, որոնք զբաղվելու են այն մարդկանց գրանցմամբ, որոնք, ըստ ամենայնի, առաջիկա օրերին պետք է ժամանեն այստեղ», - նշում է RT-ի թղթակիցը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։