Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Արթուր Ալեքսանյան
Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնություններում գոտեմարտել է վեց անգամ և չորս անգամ դարձել աշխարհի չեմպիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում նա զիջեց կուբացի Ռոսիլյո Կինդելանին։
Եզրափակիչը կուբացի Ռոսիլյո Կինդելանի հետ շատ բարդ ընթացք ստացավ։ Երբ Ալեքսանյանը հաշվի մեջ առաջ անցավ ու հաղթում էր 3։1 հաշվով, թվաց` աշխարհի չեմպիոնի կոչումն ապահովված է։ Բայց գոտեմարտի ավարտից մի քանի վայրկյան առաջ կուբացին կարողացավ վաստակել 2 միավոր, ու քանի որ վերջին հնարքը նա էր կատարել, 3։3 հաշվի պայմաններում հաղթանակը շնորհվեց կուբացուն։
Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Ալեքսանյանն իր ելույթները սկսեց 1/16 եզրափակիչից, որում մրցակիցը ռումինացի Նիկու Օժոգն էր։ Արթուրը մի ակնթարթ անուշադրություն դրսևորեց, ու մրցակիցը 4 միավորանոց գցում կատարեց։ Դա «զայրացրեց» մեր հսկային, ու իրար հետևից վաստակելով 10 միավոր` նա շարժվեց առաջ։ Ընդ որում` աշխարհի այս առաջնությունում, միայն ռումինացին է կարողացել միավոր վաստակել Արթուրի հետ գոտեմարտում։
Հաջորդ երեք գոտեմարտերում էլ «Ճերմակ արջը» 9։0 հաշիվներով ժամանակից շուտ առավելության հասավ իր մրցակիցների նկատմամբ։ Նախ մրցագորգից գլխիկոր հեռացավ ամերիկացի Ժոզեֆ Ռաուն, ապա Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովը։ Իսկ կիսաեզրափակիչում նույն ճակատագրին արժանացավ լիտվացի Մինդաուգաս Վենցկաիտիսը։
Այսպիսով` հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում այս պահի դրությամբ բացի մեդալներից վաստակել է նաև օլիմպիական երկու վարկանիշ (Արթուր Ալեքսանյան` 97 կգ, Մալխաս Ամոյան` 77 կգ): Վաղը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ), և հաղթանակի դեպքում նա նույնպես օլիմպիական վարկանիշ կվաստակի։ Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաև Հրաչյա Պողոսյանը, բայց 63 կգ քաշային կարգը օլիմպիական չէ։
Հիշեցնենք` ըմբշամարտի աշխարհի առաջանությունն ընթանում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։