Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է ԿԽՄԿ նախագահի հետ

Արարատ Միրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը
Հանդիպմանը կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ Էգերի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԿԽՄԿ նախագահն ու Արարատ Միրզոյանը
Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում։
«Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը»,– ասված է հաղորդագրությունում:
Այս համատեքստում կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ և մասնավորապես ԿԽՄԿ անխոչընդոտ գործունեությունը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով բեռների և անձանց անխափան տեղաշարժի ապահովման միջոցով:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։