ԱՄՆ–ից կոնգրեսական պատվիրակություն է ժամանել Հայաստան

Սենատոր Գերի Փիթերս
Սենատորը հանդիպումներ է ունենալու Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի հետ։ Նա նաև Սյունիք է մեկնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորությամբ, ժամանել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։
«Այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ սենատորը ծաղկեպսակ է դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և մեկնելու է Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։
Ըստ հաղորդագրության` պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ։ Այցը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։