ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Այստեղ հրադադարը խախտվել է սեպտեմբերի 21-ին»,– գրել է նա։
Բեգլարյանը նշել է, որ ամբողջ Կրկժան թաղամասը դատարկվել է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։