ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Շուշիի մուտքի անցակետերում համատեղ հերթապահություն են իրականացնում ադրբեջանական բանակն ու ՌԴ խաղաղապահները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նրա խոսքով` քաղաքի մուտքերից մեկում կանգնած են ադրբեջանական զորքերի զրահատեխնիկան և ռուսական խաղաղապահների զրահամեքենաները։
Ճանապարհներին ադրբեջանական ոստիկանության պարեկներ են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվլախում Բաքվի և Ստեփանակերտի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Արցախի պաշտպանության բանակը հանձնում է զենք–զինամթերքը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։