ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայ երկու ըմբշամարտիկ արդեն նվաճել են կիսաեզրափակչի ուղեգիր։
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 3։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհատ Մամադալիին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Մինչ այդ Ղարիբյանը մեկնարկում 9-0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին։
Օլիմպիական և աշխարհի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նույնպես դուրս է եկել կիսաեզրափակիչ` 9-0 հաշվով հաղթելով Չեխիան ներկայացնող մրցակցին։ Իսկ մինչ այդ նա մեկնարկում 10-4 հաշվով հաղթել էր ռումին Նիկու Օժոգին, իսկ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթել էր ամերիկացի Ժոզեֆ Ռաուին։
Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կմրցի լիտվացի Մինդաուգաս Վենչկաիտիսի հետ։
Նշենք, որ այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։