Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 98 անձի

Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցերը շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացնող 98 անձի ոստիկանական բաժանմունքներ են տարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
«Ակցիայի 98 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։
Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։
Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։