Սպանդանոցներում մորթի գործընթացը կտեսանկարահանվի

Սպանդանոց. Արխիվային լուսանկար
Այսօր մորթի իրականացման գործընթացը չի նկարահանվում, ինչը կառավարության կարծիքով, անվերահսկելի է դարձնում մորթի փաստացի կատարման փաստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 1-ից սպանդանոցներում մորթի գործընթացը կտեսանկարահանվի։ Որոշումն ընդունվել է այսօր` ՀՀ կառավարության նիստում։
Ըստ նախագծում ներկայացված հիմնավորման` ներկայում սպանդանոցներում մորթի իրականացման գործընթացը չի նկարահանվում, որի արդյունքում վերահսկելի չի դառնում յուրաքանչյուր մորթի փաստացի կատարման փաստը։
Բացի այդ, որոշմամբ փոփոխություն է կատարվում նաև դրոշման կարգի մեջ, որպեսզի ապահովվի մսի իրացման նույնականացումն ու հետագծելիությունը և պետական վերահսկողությունը առավել արդյունավետ դառնա։
2017 թվականի որոշմամբ սահմանված կարգով դրոշմվում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը և ազգանունը, ինչը, ըստ պատասխանատուների, հնարավորություն չի ընձեռնում լիարժեք ապահովել կենդանական ծագման մթերքի նույնականացման գործընթացը։ Դրա համար առաջարկվում է սպանդանոցային ծագման մթերքի վրա դրոշել նաև անասնաբուժական վկայականի և կենդանու անհատական համարը։
Նոր կարգը ուժի մեջ է մտնելու ս.թ. հոկտեմբերի 1-ից` բացառությամբ որոշ տեխնիկական կարգավորումների, որոնք ավելի շատ ժամանակ են պահանջում կիրառելու համար։