Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Փաշինյանը հայտնեց` որ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայությունը կարող է տեղափոխվել Հայաստան

Տարհանված արցախցիները
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում ավելի քան 40.000 ընտանիքի համար կեցության վայրեր են նախատեսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում առկա է հայրենակիցների այնտեղ գտնվելու անհնարինություն։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից հայության` Հայաստանի Հանրապետություն հնարավոր տեղափոխման հարցին։
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին, ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքային խումբ է ձևավորվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Անհասկանալի է, թե ինչու, բայց նա ընդգծեց, որ դեռ անցած շաբաթվա սկզբին հանձնարարական է տվել, որպեսզի աշխատանքներ տարվեն ԼՂ–ից տեղահանված, փախստական դարձած հնարավոր խմբերին դիմավորելու համար։ Արդեն իսկ հյուրանոցներ են ամրագրել, շուրջ 40.000 ընտանիքի համար էլ կեցության վայր նախապատրաստել։
«Մենք գնահատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների` Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը։ Այս պահին այդ անհնարինությունն առկա է։ Այսինքն, եթե իրավիճակը չբարելավվի, ապա խնդիրը բոլորիս օրակարգում կլինի»,– նշեց Փաշինյանը։
Նա շեշտեց` ամեն ինչ պետք է անել, որպեսզի ԼՂ–ում ապրող հայրենակիցներն իրենց տներում առանց վախի՝ արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան։ Վստահեցրեց` ՀՀ կառավարության «պլան Ա»-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։
Հիշեցնենք, որ դեռ երեկ ՀՀ վարչապետը շեշտում էր, թե Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանումը պետք է լինի «պլան Գ» և ոչ թե «Ա» կամ «Բ», որպեսզի չստացվի, թե Հայաստանն ինքն է իր ձեռքով էթնիկ զտում իրականացնում` դրանով իսկ զրկելով Ադրբեջանին պատասխանատվությունից։